pa4ik.com-sirum em qez, Ամեն ինչ հայերի համար - Սեռակրթության հիմունքները Սեռական կրթությունը (սեռակրթություն) աճող սերնդի դաստիարակության անհրաժեշտ
Կիրակի, 2016-12-04, 9:22 PM
Բարև, բարի գալուստ մեր մոլորակ,

Սեռակրթության հիմունքները


Սեռական կրթությունը (սեռակրթություն) աճող սերնդի դաստիարակության անհրաժեշտ բաղկացուցիչ մասն է: Յուրաքանչյուր երեխա հետագայում պետք է կին կամ տղամարդ դառնա: Տղամարդուն՝ տղային և կնոջը՝ աղջկան անհրաժեշտ է դաստիարակել դեռ վաղ մանկությունից, այլապես նրանց անձի ձևավորման հարցում անխուսափելի կլինեն այն շեղումները, որոնք լուրջ արգելքներ կստեղծեն նրանց հետագա կյանքի ընթացքում:

Սեռական հատկանիշների առկայությունը չի նշանակում, որ տղայի կամ աղջկա հետագա զարգացումը կանխորոշված է: Աճող օրգանիզմի հոգեբանական զարգացումը բարդ և հարաշարժ գործընթաց է: Ընտանիքում և նրանից դուրս երեխաների սեռակրթությունը պետք է այնպիսին լինի, որ նրանք գիտակցեն իրենց՝ այս կամ այն սեռի ներկայացուցիչ լինելը, իսկ ամենակարևորը՝ իրենց պահեն տվյալ սեռին համապատասխան: Դա նշանակում է, որ պե՛տք է և պարտադի՛ր է նրանց օգնել՝ սեռական դերերի ճիշտ յուրացման հարցում: Ծնողների օգնությամբ նրանք պետք է յուրացնեն սեռերի փոխհարաբերության մեջ անհրաժեշտ բարեկրթության և բարոյական նորմերի սկզբունքները, որպեսզի հետագայում այդ նորմերը դառնան դեռահասի ներքին համոզմունքը: Տղամարդու և կնոջ հարաբերություններում եղած բարոյականությունը չի կարելի դիտարկել այլ անձանց կամ աշխարհի նկատմամբ ունեցած բարոյական նորմերից դուրս: 

Սեռակրթությունը երեխաների, դեռահասների, երիտասարդների մեթոդական ներգործության մի համակարգ է, որը կոչված է ճիշտ ձևավորել շրջապատի նկատմամբ տվյալ սեռի համար բնորոշ վերաբերմունքը:

Անհրաժեշտ է, որ ծնողը (կամ դաստիարակը) իր համար պարզի առնականության և կանացիության հասկացությունները. Ինչպիսի՞ հատկանիշներով պետք է օժտված լինի տղամարդը և ինչպիսի՞ն՝ կինը: Այդ հատկանիշների բնորոշումը խիստ հակասական է, երբեմն՝ վիճահարույց, և պայմանավորված է հասարակական գիտակցության մեջ տղամարդու և կնոջ իդեալի մասին անորոշ, ոչ ստույգ պատկերացմամբ: Ըստ ավանդական ստերեոտիպի՝ առնականությանը վերագրվում են հետևյալ հատկանիշները՝ ակտիվությունը, նպատակասլացությունը, աշխատասիրությունը, հոգեկան և ֆիզիկական ուժը, ինքնավստահությունը, կամքը, զգացմունքային զսպվածությունը, նախաձեռնողականությունը: 

Կնոջը բնորոշ են մեղմությունը, հեզությունը, թուլությունը, զգացմունքայնությունը, կախյալ և ենթակա լինելը:

Աշխատանքային և հասարակական կյանքում կնոջ դերի ընդլայնման հետ կանացիության, ինչպես նաև առնականության դասական հատկանիշները զգալի փոփոխություններ են կրել: Կնոջն արդեն բնորոշ են նաև գործնականությունը, նպատակասլացությունը, կամքը, հատկանիշներ, որոնք ավանդաբար վերագրվում էին միայն տղամարդուն: Այժմ տղամարդկանց և կանանց հատկանիշների լիակատար հակադրությունը փոխարինվում է փոխադարձ փոխարինելիությամբ, համագործակցությամբ: Այս ամենը հանգեցրել է դերերի ճկուն տեղաբաշխմանը և հատկանիշների առավել բազմազան կազմի հայտնվելուն: Հասարակությունն արդեն զգացել ու շարունակում է զգալ կանանց էմանսիպացիայի բացասական ազդեցությունը. նկատվում է այդ հակման հետաճ: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ էմանսիպացիան ետ կշրջվի, և կինը նորից կախյալ կդառնա:

Ավագները (ծնողները, մանկավարժները, բժիշկները) կարող են օգնել իրենց երեխաներին՝ գիտակցելու ապագա երջանիկ և ներդաշնակ ընտանիքի անհրաժեշտությունը: Շատ ու շատ այլ բաներից զատ, պետք է խելացիորեն ու նրբանկատորեն խրախուսել աղջկա մեջ կանացիության գծերը, տղայի մեջ՝ առնականությունը:

Աղջկան ճիշտ կողմնորոշելը չի նշանակում՝ նրան միայն հագցնել և դաստիարակել իր սեռին համապատասխան: Անհրաժեշտ է զարգացնել հետաքրքրությունը կանացի զբաղմունքների և խաղերի նկատմամբ, ընտելացնել տնային աշխատանքին, «պատվաստել» կանացի հմտություններ, ապագա մոր մեջ զարգացնել գթասրտություն ու քնքշություն:

Տղայի սեռակրթությունն իր առանձնահատկություններն ունի: Որպեսզի ապագա տղամարդու մեջ «պատվաստվի» պատասխանատվության և ինքնուրույնության զգացումը, անհրաժեշտ է դրանք զարգացնել հենց սկզբից, հնարավորություն տալ երեխային (նրբանկատորեն ուղղություն տալով) ինքնուրույն որոշումներ կայացնել: Այստեղ վնասակար են թե՛ նրա կամքի կոտրումը և թե՛ ծնողների ավելորդ մեղմությունը: Այսպիսի դեպքերում մեծանում է կամազուրկ, կախյալ և պասիվ անձնավորություն:

Պետք է մտահոգվեն ծնողներն այն աղջկա, ով տիկնիկով չի խաղում և կռվում է տղաների հետ: Նմանապես, մտահոգության է արժանի այն տղան, ով չափից դուրս մեղմ է, լսող և օրինակելի: Այսպիսի երեխայի մեջ պետք է արթնացնել նախաձեռնողականություն, հրապուրել հետաքրքիր տղամարդկային զբաղմունքով, որը կօգնի տղամարդկանց միջավայրում նրա հեղինակության ձեռքբերմանը:

Անչափ կարևոր է, թե ինչպիսի ընտանիքում է մեծանում երեխան, քանզի երեխաների սեռակրթության հարցում առաջատար դերը, ամենից առաջ, ընտանիքինն է, ոչ թե դպրոցինը, դասախոսություններինը կամ գրքերինը:

Ծնողները ժամանակի առումով առաջին դաստիարակներն են: Նրանք ամեն օր շփվում են երեխաների հետ, գիտեն նրանց հոգսերը: Ընդ որում, հայրը կամ մայրը տարբեր կերպ են շփվում տղայի կամ աղջկա հետ: Հակառակ սեռի մարդու հետ ունեցած հարաբերությունների մոդելը երեխայի մեջ ընդհանուր գծերով ձևավորվում է արդեն մինչև դպրոց գնալը, քանի որ վաղ մանկական հասակում դաստիարակությունը ընթանում է ծնողների հետ իրեն նմանեցնելու ճանապարհով: Տղան հոր վարքագծում գտնում է իր սեփական սեռական դերի, իսկ մոր կերպարում՝ իր ապագա ընտրյալի օրինակը: Նույնը կարելի է ասել նաև աղջկա մասին:

Այսպիսով՝ արդեն երեխայի դպրոց գնալու ժամանակ նրա մեջ ձևավորված են սեռակրթության հիմքերը՝ ծնողների կենդանի օրինակի և շփման շնորհիվ:

Ճիշտ հոգեսեռական զարգացման համար ինչպես տղաներին, այնպես էլ աղջիկներին երկու ծնողներն էլ անհրաժեշտ են: Ոչ լրիվ, մեծ մասամբ մորից և երեխաներից կազմված ընտանիքներում, որտեղ բացակայում է արական սեռի կերպարը, արական տիպի վարքագծի ձևավորումը հաճախ աղավաղվում է:

Անբարենպաստ ընտանիքներում բախումների հետևանքով երեխաները հետագայում դժվարություններ են ունենում իրենց սեփական ընտանիքի ստեղծման հարցում և ընդհանրապես հիասթափվում են այդպիսի հարաբերություններից: Այս երեխաները հաճախ նորմալ հարաբերություններ փնտրում են ընտանիքից դուրս և կարող են հարել սոցիալապես վտանգավոր խմբերի (թմրամոլներ, արվամոլներ, աղանդավորներ և այլն), որոնց ազդեցությունն անկանխատեսելի է:

Ոչ նպաստավոր վիճակում են գտնվում նաև իշխող մայրերի (այսպես կոչված՝ մայրիշխանություն) որդիները: Ինքնուրույնության ճնշումը և հոր՝ որպես տղամարդու աղավաղված օրինակը բացասաբար են անդրադառնում տղայի բնավորության առնական գծերի ձևավորման և վարքագծի վրա:

Ձգտելով զարգացնել որդու առնականությունը՝ ծնողները պետք է հանդես բերեն մեծ ճկունություն և նրբանկատություն: Կարևոր հանգամանք է երեխայի բնավորության և հակումների հետ հաշվի նստելը: Դիրքորոշման չափից ավելի խստությունը և գերպահանջկոտությունը կարող են վնաս հասցնել, անգամ հիվանդությունների պատճառ դառնալ:

Ծնողները պետք է հասկանան, որ բնավորության որոշ առնական կամ կանացի գծեր կարող են ուշ արտահայտվել: Հարկ չկա չափից ավելին եռանդ ու ուժեր ներդնել այս կամ այն գծի արագ ի հայտ գալուն, հատկապես զարգացման ճգնաժամային շրջաններում: Այս ճանապարհով կարելի է կախյալ ու կանացի տղա դաստիարակել: Բնավորության ցանկացած տիպի դեպքում նախ և առաջ պետք է երեխայի վարքի առանձնահատկությունները համապատասխանեցնել բարոյական նորմերին, ոչ թե բռնանալ, այլ հենվել բնավորության ուժեղ կողմերի վրա: Պայքարը բնավորության անցանկալի գծերի դեմ չպետք է վերածվի անհատականության դեմ պայքարի: Ցանկացած տարիքում և բնավորության ցանկացած տիպ ունենալու դեպքում ծնողների կարևորագույն խնդիրն է մեղմել վարքագծի՝ հատկապես կոնֆլիկտների հանգեցնող առանձնահատկությունները, զարգացնել իր և հակառակ սեռի հետ բարյացակամորեն շփվելու ունակություն:
Առավել բարեհաջող է ընթանում երեխայի անձի և նրա առնականության կամ կանացիության ձևավորումը լիարժեք ու ներդաշնակ ընտանիքում, որտեղ ծնողների հարաբերությունները կառուցվում են տղամարդկային կամ կանացի էության փոխադարձ հարգանքի և փոխօգնության հիման վրա: Վարքագծի տղամարդկային և կանացի տիպարների ձևավորումը զգալիորեն բարդանում է ոչ լիարժեք ընտանիքներում:

Տղաների անձի ձևավորման, նրանց կողմից տղամարդու սեռական դերի յուրացման հարցում հորը առանձնահատուկ դեր է հատկացվում: Հոր հետ բավարար չափով շփումից զրկված տղաները մեծանալով, որպես կանոն, հայրական պարտականությունները կատարելիս դժվարանում են, ինչը, անկասկած, բացասաբար է անդրադառնում երեխաների անձի ձևավորման վրա: Երբ տղաները մեծանում են առանց հայրական դաստիարակության կամ առանց հոր, նրանք կարող են կանացի վարքագիծ յուրացնել, և նրանց համար տղամարդկային նորմալ վարքագիծը կարող է կոպիտ, ագրեսիվ և դաժան վարմունք համարվել: Այսպիսի տղաների մեջ դժվար է զարգացնել կարեկցանքի, դիմացինին հասկանալու, ինչպես նաև ինքնատիրապետման, իր վարքագիծը ղեկավարելու ընդունակություններ: Մեծանալով՝ նրանք դառնում են ոչ բավականաչափ հասուն ու նպատակամետ, պակաս նախաձեռնող և պակաս հավասարակշռված, երկչոտ: Սեռակրթության հարցում հոր դրական դերը մոր համեմատությամբ նրա զգացմունքային առավել հավասարակշռվածության մեջ է: Տղամարդկային դիրքորոշման հարցում մեծ նշանակություն է տրվում արարքներին, այլ ոչ թե ապրումներին:

Դաստիարակության գործընթացում հոր ընդգրկված չլինելը բերում է առնականությանը փոխարինող այլ երևույթների ձևավորման, որոնք արտահայտվում են ագրեսիվությամբ, կռվազանությամբ և վարքի այլ շեղումներով (հակվածություն խմիչքի, օրինախախտումների նկատմամբ): Այդ իսկ պատճառով, եթե տղան ոչ լիարժեք ընտանիքում է դաստիարակվում, անհրաժեշտ է ապահովել հոր հետ նրա շփումը: Ճիշտ են վարվում ամուսնալուծված այն կանայք, ովքեր չեն փորձում երեխայի մեջ բացասական վերաբերմունք ստեղծել հոր նկատմամբ և չեն խոչընդոտում նրանց հանդիպումները: Իսկ եթե հոր հետ շփումն անհնար է, պետք է ջանալ, որ տղան կողմնորոշվի այլ դաստիարակի՝ բարեկամի, մանկավարժի, մարզիչի օրինակով:
Հարկ է խոսել նաև դաստիարակության հարցում հաճախ հանդիպող մի շեղման մասին, որը թուլացնում է տղաների մեջ առնականության ձևավորումը. դա միայնակ մայրերի չգիտակցված ձգտումն է որդու հայրական սիրո պակասը լրացնել իր քնքշությամբ: Մայրերը հաճախ գրկում են տղաներին, համբուրում շուրթերը, տղային կարող են իրենց անկողնում քնեցնել, հանվել նրա ներկայությամբ և այլն: Այս ամենը սեռականորեն խթանում է երեխային, նրա տրամադրությունը կարող է ընկճվել, նա դառնում է մռայլ, անտարբեր: Մայրը պետք է գիտակցի որդու հետ նմանօրինակ փոխհարաբերությունների վնասակարությունը:

Աղջկան փաղաքշանքը չի վնասում: Ընդհակառակը, նրան անհրաժեշտ են նուրբ հպումներ (կարծիք կա, որ աղջկան 10 անգամ ավելի են դրանք անհրաժեշտ, քան տղային): Սակայն այս պարագայում ևս փաղաքշանքների որոշակի բնույթի դեպքում (շուրթերը համբուրելը, հետույքը, որովայնը, ազդրերը կսմթելը) հնարավոր են անցանկալի հոգեսեռական հետևանքներ:

Առանց հայր ընտանիքում դաստիարակվող աղջկա մեջ պակաս հաջողությամբ են ձևավորվում պատկերացումները տղամարդկային վարքագծի մասին, այդ իսկ պատճառով քիչ հավանական է, որ հետագայում նրանք լավ հասկանան իրենց ամուսիններին և որդիներին, այսինքն՝ հաջողությամբ կարողանան իրականացնել կնոջ և մոր դերը: Հաճախ տղամարդկանց մասին պատկերացումների ձևավորման հարցում մոր անձնական կյանքի բացասական օրինակը, նրա ընտանեկան կյանքի խորտակումը հանգեցնում է ամուսնուց, իսկ երբեմն էլ՝ ընդհանրապես տղամարդկանցից հիասթափվելուն: Խելացի մայրը աղջկա վզին չի փաթաթում իր դառնությունները, նրան դաստիարակելիս իր սեփական փորձի շրջանակներով չի սահմանափակվում: Սակայն նույնիսկ այս դեպքում աղջկա մեջ ձևավորվող իդեալը հեռու է իրականությունից. այն փոխառնված է գրքերից և ֆիլմերից, որը կարող է կյանքում հեշտությամբ հանգեցնել հիասթափության: Եվ բոլորովին էլ հիմք չունի այն պատկերացումը, թե իբր մայրը միայնակ ի վիճակի է աղջկան տալ ճիշտ դաստիարակություն:

Այսպիսի իրավիճակներում երեխաների հոգեսեռական զարգացումը կարող է լրջորեն խաթարվել, ընդ որում դժվարանում է ոչ միայն կանացիության իդեալի ձևավորումը, այլև բարյացակամ հաղորդակցման և կարեկցելու ընդունակության զարգացումը, որն այնքան անհրաժեշտ է մարդկանց փոխհարաբերություններում:

Վերադառնալ Սեր և Սեքս

Կիսվեք ընկերների հետ

0