pa4ik.com-sirum em qez, Ամեն ինչ հայերի համար - Սեր և Սեքս Սիրահարվածություն և սեր Սիրահարվածության կենսաքիմիական տեղաշարժերը հսկման ենթակա չեն: Սիր
Կիրակի, 2016-12-04, 11:09 AM
Բարև, բարի գալուստ մեր մոլորակ,

Սիրահարվածություն և սեր


Հաճախ աստվածատուր այս երկու երևույթները շփոթում են, երբեմն՝ նույնիսկ նույնացնում:

Իրականում սիրահարությունը հանկարծակի առաջացող, հուզական սուր, ակամա ապրում է, խիստ համակրանքի զգացում անձի նկատմամբ: Ի տարբերություն ավելի երկարատև ու կայուն սիրո զգացմունքի՝ սիրահարվածությանը բնորոշ է արագ հագենալու և մարելու միտումը: 

Սիրահարվածության կենսաքիմիական տեղաշարժերը հսկման ենթակա չեն: Սիրահարվածների օրգանիզմում ավելցուկով արտադրվում է դոֆամին, որն առաջացնում է էյֆորիա (երանավետ հոգեվիճակ), կենսաէներգիայի հարուստ պաշար, ոգևորություն և խենթություններ անելու ցանկություն: Ադրենալինի և նորադրենալինի ավելցուկն առաջացնում է անքնություն, անհանգստություն, տագնապ, սրտխփոց և վերջույթների դող: Սերոտոնինի շատացումը հանգեցնում է չափից ավելի հաղորդասիրության, զրուցասիրության. առաջանում է, այսպես կոչված, «սեր հանդեպ աշխահարհի», որը կերպարանափոխվում և հագենում է վառ գույներով: Էնդորֆինների և էնդոզիպինների բարձր մակարդակը սիրահարվածության ժամանակ առաջացնում է հանգստության և ապահովության զգացում ցանկալի և համակրելի մարդու կողքին: Կենսաքիմիական այս փոփոխությունները, սովորաբար, 2-6 ամսից անցնում են:

Սիրահարությունը մարդու անհատական բնութագիրն է, որը պայմանավորված է զուգընկերոջ մտերմիկ շփման ընկալման առանձնահատկություններով: Ընդ որում, սիրահարության օբյեկտի մեջ առանձնացվում են գլխավորապես արտաքին տվյալներն ու հատկանիշները: Սիրահարությունը կարող է վերածվել կայուն սիրո: Այդ դեպքում երբեմն կորսվում են նախկին ապրումները: Սիրելի մարդն ընկալվում է ոչ այնքան որպես սեռական զուգընկեր, որքան որպես համակրելի և հուսալի ընկեր, որի մեջ գնահատվում են խելքը, բարոյական հայացքները, համագործակցելու և ապրումներին մասնակից լինելու ընդունակությունը: Բարոյահոգեբանական, հոգեֆիզիոլոգիական համատեղության ու երեխաների մասին համատեղ հոգատարության վրա հիմնված երկարատև մտերմիկ հարաբերությունները կարող են զուգորդվել սիրահարությամբ, զգացմունքների կրքոտությամբ և սեռական հակման թարմությամբ (նրանք մինչև խոր ծերություն սիրահարված էին միմյանց):

Սիրահարկոտությունը՝ կարճ ժամանակով որևէ մեկով հրապուրվելու ընդունակությունը, որը չի գիտակցվում (կորցրեց գլուխը), կարող է տհաճ վերջաբան ունենալ: Դա կարող է հանգեցնել ամուսնական դավաճանության, խանդի առիթ տալ և ընտանիքի քայքայման պատճառ դառնալ: Մի կողմից՝ բավարար ինքնակարգապահության և ինքնատիրապետման, մյուս կողմից՝ համբերության և նրբազգացության դեպքում տևական, կայուն հարաբերությունները երկար կյանք են ունենում («սերը դիմացավ լուրջ փորձությանը»): Սիրահարկոտությունը կարող է դիտվել նաև որպես տարիքային յուրատեսակ առանձնահատկություն, որը կապված է անձի հոգեսեռական զարգացման հետ: Սեռական հասունացման սկզբում դեռահասների շրջանում ի հայտ են •գալիս յուրատեսակ հրապուրանքներ հակառակ սեռի անձանց նկատմամբ, որոնք կարելի բնորոշել որպես պլատոնական սիրահարություն՝ գունավորված սիրահարության օբյեկտի իդեալականացման հետ կապված ռոմանտիկ վեհ զգացումով: Պատանեկան առաջին զգացումը պետք է արժանանա ուսուցիչների, ծնողների հոգատար, նուրբ վերաբերմունքին: Այս դեպքում անթույլատրելի են սիրահարութան օբյեկտին ծաղրելը, ստորացնելու ձգտումը պատանու կամ աղջկա ներկայությամբ, անուրջների հապճեպ խորտակումը: Պետք է հաշվի առնել, որ միայն հետագայում՝ սեռական հասունացման ավարտից հետո, երևան են գալիս սեռական յուրատեսակ հույզերը, աշխուժությունը, ձևավորվում է հասուն սեռական հրապուրանքը, որի հիման վրա ձևավորվում է ԻՍԿԱԿԱՆ ՍԵՐԸ: 

ՍԵՐԸ մտերմական և խոր զգացում է, հոգեկան միտվածություն դեպի այլ անձը, մարդկային հանրությունը կամ գաղափարը: Սովորաբար, առավելագույնս ուշադրություն են գրավում սիրո երկու կողմերը. Սերը՝ որպես զուտ հոգեբանական երևույթ (ստորաբաժանվում է ծնողական, այդ թվում՝ մայրական, եղբայրական, ծնողների նկատմամբ սիրո և այլն, թեև ամենից հաճախ ենթադրվում է սեր տղամարդու և կնոջ միջև) և որպես ֆիզիկական հակման, սեռական հարաբերությունների համարժեքի դրսևորում (ֆիզիկական կամ սեռական բնույթի սեր): «Սեր» տերմինը գործածվում է նաև այն ժամանակ, երբ խոսքը բնության, կենդանիների, երաժշտության, գեղանկարչության հետ առանձնահատուկ կապվածության մասին է: Սիրո սպառիչ սահմանումը տալու բազմադարյա փորձերը թերի են, քանի որ սիրո ընդհանուր պատկերացումը յուրաքանչյուր ազգի մշակույթում ունի իր առանձնահատկությունները: Հին հույները առանձնացնում էին սիրո տարբեր ձևեր՝ ֆիլիա էրետիկե (սիրահարների բարեկամություն), զունոյա (անձնվիրում), ագապե (անշահախնդիր զգացմունք), պոտոս (սիրո ցանկություն), քարիս (շնորհակալության և հարգանքի վրա հիմնված սեր), մանիա (անսանձ կիրք), էրոս (ցանկություն): 

Սիրո ժամանակակից տիպաբանությունը, որ ընդունել են մի շարք հետազոտողներ, տարբերում է սիրո վեց ոճ.
Էրոս՝ լիովին ֆիզիկական տիրապետման ձգտող կրքոտ, հավատարիմ, բացառիկ սեր-հրապուրանք («Ես և իմ սիրելին ստեղծված ենք միմյանց համար»):
Լյուդուս՝ հեդոնական խաղ-սեր, որն աչքի չի ընկնում զգացմունքների խորությամբ, ուստի, առկա է և դավաճանության հնարավորությունը: («Ես սիրում եմ բոլորի հետ սեր խաղալ»):
Ստորգե՝ հանգիստ, ջերմ և հուսալի սեր-բարեկամություն («Իմ սիրելին իմ լավագույն ընկերն է»):
Պրագմա՝ առաջանում է լյուդուսի և ստորգեի խառնուրդից, հեշտությամբ է վերահսկվում, հաշվարկով սեր է («Ես ուզում եմ գտնել նրան, ով կերաշխավորի երջանիկ և բարեկեցիկ կյանք»): 
Մանիա՝ առաջանում է էրոսի և լյուդոսի խառնուրդից, անիրական սեր է, որին բնորոշ են կրքոտությունը, խանդը, անվստահությունը («Ես խենթանում եմ, երբ իմ սիրելին ինձ վրա ուշադրություն չի դարձնում»):
Ագապե՝ էրոսի և ստորգեի համակցում. անշահախնդիր, այլտրուիստական (այլասիրական) սեր, որի դեպքում սիրելիի պահանջմունքներն առավել կարևոր են, քան սեփականը («Ավելի լավ է՝ ես տառապեմ, քան տեսնեմ, թե ինչպես է տառապում իմ սիրելին»):

Որպես բարոյագեղագիտական զգացմունք դիտվող սերն արտահայտվում է անշահախնդիր և ինքնամոռաց ձգտմամբ: Սիրո զգացմունքի յուրահատկությունը անձնազոհությունն է, անձնվիրումը և այդ հիմքի վրա առաջացող հոգևոր փոխներթափանցումը: Անհատները, հոգևոր և բնատուր տարբերություններով հանդերձ, սիրո առումով միմյանց լրացնելով, հանդես են գալիս իբրև միասնական ամբողջություն: Սիրո բարոյական բնույթը հանգում է ոչ թե հակադիր սեռի արարածին, այլ միանգամայն որոշակի, միակ ու անկրկնելի մարդուն: 

Սիրո պահանջմունքը առավել բնութագրական է պատանեկան տարիքին: Սակայն այդ տարիքում օրինաչափ և անխուսափելի կրքի պոռթկման պատճառը միշտ չէ, որ հենց սերն է, և բավականին հաճախ այդ գեղեցիկ զգացմունքի փոխարեն թյուրիմացաբար ընդունվում է սիրահարվածությունը: Սերը ենթադրում է ընտրյալի եզակիություն և, համապատասխանաբար, երեք ցանկությունների՝ հոգու, մտքի և մարմնի ներդաշնակ միաձուլում: Իսկ սիրահարվածության պարագայում նման բան չկա, հուզական կապվածության հիմքում միայն մեկ (առավելագույնը՝ երկու) զգացմունք է՝ հարգանք, բարեկամություն կամ ցանկություն:

Սերը այլ անձին միտված զգացմունքների և գործողության միանությունն է: Ընդ որում, սիրող անձը զգում է ուրախություն, բավարարվածություն' բավականություն պատճառելով սիրածին կամ նվազեցնելով նրա տառապանքները: Այդպիսով՝ սիրո նպատակը եսասիրական բավարարվածությունը չէ: Սիրո բանաձևը շատ պարզ է. «Եթե ինձ լավ եմ զգում այն բանից, որ դու քեզ լավ ես զգում, և եթե ուզում եմ, որ դու ավելի լավ զգաս և ամեն ինչ անում եմ դրա համար, ուրեմն ես քեզ սիրում եմ: Եթե ընդունենք այդ տեսակետը, ապա «եսասիրական սեր» արտահայտությունը կդառնա անիմաստ, քանզի սերն ինքնին եսասիրության բացասումն է, հաղթահարումը, մարդկային հարաբերությունների զարգացման բարձրագույն աստիճանը:

Համակրանքն ու փոխադարձ սերը շատ դեպքերում ընտանիք ստեղծելու գլխավոր պատճառն են: Որքան ուժեղ է ամուսինների փոխադարձ սերը, այնքան շատ ուշադիր են, վստահ և հոգատար միմյանց հանդեպ, այնքան մեծ է սեռական ներդաշնակ հարաբերությունների հավանականությունը: Սակայն չպետք է չափազանցնել սիրո դերն ամուսնության հարցում: Դրանից զատ, պետք է լինի ամուսնական համատեղելիություն, որը մեծապես կանխորոշում է ամուսնական դաշինքի հաջողությունը: Առօրյա հոգսերի, բնավորությունների, խառնվածքների և անձնական առանձնահատկությունների բախումից սիրո ուժը մարում է, ինչն էլ հաճախ դառնում է ամուսնալուծության պատճառ կամ ամուսնական անհավատարմության արդարացում: Բայց չէ± որ սերն առաջանում է մարդկանց, այլ ոչ թե հրեշտակների միջև, հետևաբար, հնարավոր ամեն տեսակի թերությունները, սխալները, բախումները, միջանձնային դժվարությունները բնական են, նույնիսկ եթե մարդկանց կապում է անչափ խոր սերը: Սիրո մեջ բոլոր խոչընդոտներն ստեղծում է հենց մարդու բնույթը, անձը՝ դրական և բացասական հատկություններով հանդերձ: Անշուշտ, կա սիրելու արվեստ, սակայն ճիշտ է նաև այն, որ հնարավոր չէ կանխագուշակել, թե սերն ինչպես կզարգանա: Իրականությունն անհամեմատ բազմազան ու անկանխատեսելի է: 

Սերը հիվանդություն է: Յուրահատուկ հետաքրքրություն է ներկայացնում այն փաստը, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վերջերս սերը դասել է լուրջ հիվանդությունների պաշտոնական ցանկում: Հիվանդության միջազգային համարն է F 63.9:

ԱՀԿ-ն սերը խաղամոլությունից, մոլագարությունից, ալկոհոլամոլությունից հետո վերագրել է հոգեկան շեղումների՝ «Սովորույթների ու հակումների խանգարում» կետին: Այլ կերպ՝ այս կետը կոչվում է «Սովորույթների եւ հակումների խանգարում՝ չճշտված»:

Սիրո պատճառով բժիշկները վաղուց են «իրարանցում» բարձրացնում, բայց ԱՀԿ-ի համար վերջին կաթիլը դարձավ բրիտանացի հոգեբույժ Ֆրենկ Թելլիսի «Սիրո հիվանդություն. Սերը' որպես հոգեկան խանգարում»•գիրքը, որտեղ նա, ըստ մասնագետների, ապացուցել է, որ իրականում սերը ամբողջ մի կլինիկա է: Գրքում տրված են սիրային հիվանդության ընդհանուր ախտանիշները, որոնցից են, օրինակ' տրամադրության կտրուկ փոփոխությունները, սևեռուն մտքերը ընկերոջ մասին, ինքնախղճահարությունը, սեփական արժանապատվության չափազանց խոր զգացումը, չմտածված իմպուլսիվ արարքները, անքնությունը, ընդմիջվող քունը, կպչուն մտքերի համախտանիշը («Ես գիտեմ, որ նա սիրում է, բայց լռում է») և այլն:

Անկախ ամեն ինչից, վերջում ուզում եմ մաղթել, որ միշտ սիրեք և պահպանեք միմյանց, քանզի սերը, բարի համբավի նման, մեկ անգամ կորցնելուց հետո էլ երբեք չի վերադառնում:

Վերադառնալ Սեր և Սեքս

Կիսվեք ընկերների հետ



Share  0