Ուրբաթ, 2024-03-29, 6:19 PM
Բարև, բարի գալուստ մեր մոլորակ,
Սեռական դաստիրակություն

Տասնամյակներ շարունակ սեքսի և սեքսուալ հարաբերությունների մասին խոսելը ամոթալի և անպարկեշտ էր համարվում: Այդ նուրբ հարցի մասին լռում էին դպրոցում, ընտանիքում աշխատում էին այն շրջանցել' հուսալով, որ մարդու մեջ գործող բնազդներով պայմանավորված այս հարցի պատասխանը կտա հետագա անձնական կյանքը: Գրեթե 70 տառապալից տարիներ անտեսվում էր մարդու սեռական դաստիարակությունը՝ հանգեցնելով մշուշապատ և թեթևամիտ վերաբերմունքի, բազմապիսի անլուրջ մեկնաբանությունների և, վերջիվերջո, անխոհեմ սեռական վարքագծի:

Սեռական դաստիարակությունը (սեռակրթություն) բժշկական ու մանկավարժական միջոցառումների համակարգ է, որը նպատակաուղղված է երեխաների, դեռահասների ու երիտասարդների շրջանում սեռական կյանքի նկատմամբ խելամիտ վերաբերմունքի դաստիարակմանը:

Սեռական դաստիարակության խնդիրն է նպաստել մատաղ սերնդի ներդաշնակ զարգացմանը, սեռական վարքի և մանկածնության գործառույթի լիարժեք ձևավորմանը, ամուսնության և ընտանիքի ֆիզիոլոգիական և բարոյական հիմքերի ստեղծմանը: Երեխաների լիարժեք սեռական դաստիարակությունը ներառում է նաև մինչ սեռական հասունացումն ընկած շրջանը: Սեռական դաստիարակությունը պետք է տարբերել սեռական լուսավորությունից, որի էությունը դեռահասներին ծանոթացնելն է ֆիզիոլոգիական, սեռաբանական, սանիտարահիգիենիկ և սեռի ու սեռական կյանքի այլ տեղեկություններին և սկսվում է, սովորաբար, ութերորդ դասարանից: Սեռական դաստիարակությունը գործի է դնում դաստիարակչական աշխատանքի ընդհանուր սկզբունքները, որոնք պետք է լինեն ընտանիքում, նախադպրոցական հիմնարկում, դպրոցում և իրականացվեն՝ հաշվի առնելով սեռը, տարիքը, պատրաստվածությունը: Դրա արդյունավետության պարտադիր պայմանը ծնողների, բուժաշխատողների, մանկավարժների, դաստիարակների միասնական ջանքերն են: Նրանք պետք է ժամանակին ու ճիշտ պատասխանեն մատաղ սերնդին հուզող հարցերին:

Պայմանականորեն սեռական դաստիարակության գործընթացը կարելի է բաժանել մի քանի փուլի: Նախադպրոցական տարիքի երեխաներին անհրաժեշտ է սովորեցնել տարրական հիգիենիկ հմտություններ և վարքագծի կանոններ: Կարևոր նշանակություն ունի օրգանիզմի կոփումը, քանզի կանոնավոր սեռական զարգացումը սերտորեն կապված է ընդհանուր ֆիզիկական զարգացման հետ: Երեխաներին խնամելիս պետք է վերացնել գրգռող ներգործությունները էրոգեն (տարփածին) գոտիների վրա, խուսափել անհարմար, նեղ հագուստից, կանխել կամ ժամանակին բուժել ճիճվային հիվանդությունները: Անչափ կարևոր է բարեհոգի մթնոլորտն ընտանիքում: Նախադպրոցական տարիքի երեխաների շրջանում աստիճանաբար ձևավորվում է որոշակի սեռի պատկանելու գիտակցությունը և, որպես հետևանք, շրջակա աշխարհի ճանաչողության բնական գործընթացի հետաքրքրություն է առաջանում սեռին վերաբերող հարցերի նկատմամբ: Դա արտահայտվում է այն բազմաթիվ հարցերում, որոնք երեխաները տալիս են ծնողներին՝ երբեմն շփոթեցնելով նրանց: Այն երեխաների հարցերին, ովքեր հետաքրքվում են իրենց լույս աշխարհ գալու «գաղտնիքով», պետք է պատասխանել պարզ և մատչելի՝ չդիմելով հնարանքների և հեքիաթների՝ արագիլների, կաղամբի մասին և այլն: Կրտսեր տարիքի երեխաները բավարարվում են մոր այնպիսի պատասխաններով, ինչպիսիք են՝ «ես քեզ ունեցել եմ ծննդատանը» կամ «դու մեծացել ես իմ փորում»: Միաժամանակ այդ հարցերին պատասխանելուց հրաժարվելը, սովորաբար, միայն մեծացնում է երեխայի հետաքրքրությունը թեմայի նկատմամբ. ստիպում պատասխանն իմանալ ավելի «իրազեկ» ավագ ընկերներից: Ինչ վերաբերում է հնարքներին ու հեքիաթներին, ապա վաղ թե ուշ դրանք մերկացվում են, և հետևանքը լինում է այն, որ երեխաներն սկսում են անվստահությամբ վերաբերվել ծնողներին: Կրտսեր դպրոցական տարիքի սեռական դաստիարակության գործընթացում պետք է հաշվի առնվեն ֆիզիոլոգիական ու հոգեբանական առանձնահատկությունները: Այդ շրջանում տղաների և աղջիկների սեռական բնականոն զարգացման և ճիշտ փոխհարաբերությունների հաստատման համար կաևոր է զարգացնել այնպիսի բարոյական հատկանիշներ, ինչպիսիք են ամաչկոտությունը, զսպվածությունը, միշտ օգնելու պատրաստակամությունը և այլն: Տղաների և աղջիկների ճիշտ փոխհարաբերությունների հաստատմանը նպաստում են համատեղ հաճախումները թանգարաններ, թատրոններ, արշավներ և այլ միջոցառումներ: Հաճախ կրտսեր դպրոցական տարիքի երեխաների շրջանում կարող է առաջանալ համակրանքի զգացում, որը հասնում է սիրահարվածության աստիճանի և, սովորաբար, ուղղված է ավագ տարիքի հատկապես գեղեցիկ և ուժեղ մարդուն: Ընդ որում, երեխաները ջանում են մոտ լինել այդ մարդուն, ուշադիր են նրա հանդեպ: Սովորաբար, այդ սիրահարվածությունն ինքնին անցնում է ժամանակի ընթացքում:

Սեռական հասունացման շրջանում սեռական դաստիարակությունն անհամեմատ բարդ է, դժվար: Պետք է խիստ նրբանկատ լինել՝ հաշվի առնելով ամենից առաջ այդ ժամանակ օրգանիզմում կատարվող փոփոխությունները, ինչպես նաև դեռահասի անձնական հատկանիշները: Աղջիկները դեռահասային շրջան են մտնում 12-14 տարեկան, տղաներըª 13-15 տարեկան հասակում: Դեռահասների սեռական հասունացման նախակարապետը երկրորդային սեռական նշանների երևան գալն է: Տղաների ձայնը «բեկվում» է, սկսվում են առաջին ինքնաբեր սերմնաժայթքումները: Դրանց սկսվելը պատանիներին երբեմն հանկարծակիի է բերում և առաջացնում մի շարք տհաճ, ինչպես նաև ողբերգական (եթե սերմնաժայթքումներն ընդունվում են իբրև հիվանդություն) հետևանքներ: Իսկ աղջիկներին սեռական հասունացման շրջանում ամենից առաջ անհրաժեշտ է նախապատրաստել դաշտանի երևան գալուն: Մայրերը պետք է նրանց սովորեցնեն անձնական հիգիենայի կանոններին, դաշտանի օրագիր պահել հանձնարարեն, պատմեն այդ երևույթի ֆիզիոլոգիայի մասին:

Անչափահաս տարիքի սեռական դրսևորման որոշ ձևերի հարցում ծնողները հաճախ լուրջ սխալներ են թույլ տալիս: Ամենից առաջ դա վերաբերում է ամենադժվար հարցերից մեկին, որին բախվում են շատ ծնողներ՝ ձեռնաշարժությանը: Պարզելով, որ դեռահասը զբաղվում է դրանով, ծնողները բնավ չպետք է դիմեն պատժիչ մեթոդների, մանավանդ պահանջեն խոստումներ և երդումներ: Դրանով իսկ ցանկությունը ուժեղ կգտնվի նրա կամքից, և ձեռնաշարժության յուրաքանչյուր քայլ կուղեկցվի էլ ավելի մեծ զղջումներով ու հատուցման վախով: Դեռահասների շրջանում այդ խիստ տարածված երևույթը չպետք է ողբերգականացվի, քանզի անցյալի գրականությունում ձեռնաշարժության հնարավոր բացասական հետևանքներն ակնհայտորեն չափացանցված են:

Անցումային շրջանում դեռահասին հատուկ գլխավոր գծերից մեկը հասարակությունում հաստատվելու (ինքնահաստատվելու) ցանկությունն է, չափահաս երևալու ձգտումը, այստեղից էլ՝ սեփական «ես»-ի մշտական որոնումը, որը երբեմն հանգեցնում է հակահասարակական արարքների: Ծնողների՝ պատանեկան տարիքի հոգեֆիզիոլոգիայի հիմունքների իմացությունը նպաստում է գտնելու համարժեք ներգործության ճիշտ ձևեր ու եղանակներ: Դեռահասի անձի ձևավորման այդ փուլում սեփական դաստիարակության գլխավոր շարժառիթը պետք է դառնա որդու կամ դստեր մտածողության «իսկական տղամարդ» և «իսկական կին» հասկացությունների հետագա բյուրեղացումը: Կարևոր է, որ դեռահասը ոչ միայն դրանք իմաստավորի, այլև դարձնի սեփական կենսադիրքորոշում: Դեռահասի նյարդահոգեկան համակարգը խիստ խոցելի է, չի հարդուրժում կոպիտ միջամտություն, անհարգալից վերաբերմունք ներաշխարհի և ապրումների հանդեպ: Անհրաժեշտ է, որ մեծահասակաները նրբանկատ ու համբերատար լինեն, որդու կամ դստեր անձնական կյանքն ընդունեն որպես փաստ: Այնժամ կառաջանա (կամ կպահպանվի) վստահություն, խորհրդակցելու ցանկություն, մտերիմներից, այլ ոչ թե պատահական մարդկանցից խորհուրդ ստանալու ձգտում: Չի կարելի սեռական դաստիարակությունը հանգեցնել մանր խնամակալության, սահմանափակվել հարցախուզությամբ և այս կամ այն դեպքում ինչպես վարվելու կտրական ցուցումներով: Ավելի լավ է զրույցը վարել այնպես, որ դեռահասն ինքը հանգի անհրաժեշտ հետևության: Եթե որևէ խնդիր լուծելիս մեծահասակները սխալ են թույլ տալիս, ապա պետք է անկեղծորեն խոստովանեն, այլ ոչ թե պնդեն սխալ տեսակետը՝ հանուն սեփական հեղինակության պահպանման: Չէ± որ 13-15 տարեկաններն արդեն ամեն ինչ շատ լավ են հասկանում ու ճիշտ գնահատում որոշակի քաջություն պահանջող այդ քայլը:

Ծնողներին խիստ հուզում է տղաների և աղջիկների պատանեկան բարեկամությունը: Բացի այդ, քաջ հայտնի է որ հենց դեռահաս տարիքում է ծագում, այսպես կոչված, առաջին սերը: Ծնողները հայտվում են երկընտրանքի առաջ. կամ երեխաներին հետ պահել այդ երջանկությունից, կամ աչք փակել ամեն ինչի վրա և ապավինել երեխաների գիտակցականությանը, բանականությանը: Անշուշտ, եթե սեռական դաստիարակությունը նախորդ փուլերում ճիշտ է եղել և ծնողներն աստիճանաբար իրենց որդուն կամ դստերը սովորեցրել են վերահսկել սեռական բնազդը՝ ճնշելով դրա հետ կապված սեռական ապրումներն ու հույզերը, ապա կարելի է չանհանգստանալ. առաջին սերը տհաճ հետևանք չի թողնի: Հակառակ պարագայում որդու կամ դստեր վարքագիծը կանխատեսելը դժվար է: Ճիշտ է, ուզում ենք, թե ոչ, բայց ծնողներից զատ, երեխաների սեռական դաստիարակությամբ զբաղվում են նաև նրանց շրջապատը, գրքերը, ֆիլմերը, հեռուստատեսությունը, ինտերնետը: Բայց ինչպե±ս են դաստիարակում՝ մեծ հարցական է:

13-14 տարեկան հասակում տղաները հեշտությամբ են սիրահարվում: Ճիշտ է, մեծ մասամբ երազանքների սահմանը համբույրն է, սակայն զգացմունքի ուժգնությունը դրանից չի նվազում: Տղաներն սկսում են վատ սովորել, դառնում են անհնազանդ և դյուրաբորբոք: Ի տարբերություն նույն տարիքի աղջիկների՝ նրանք ավելի հակված են սեռական երևակայությանը տուրք տալուն: Այդ ամենն ուղեկցվում է տարփալից երազախաբություններով, ինքնաբեր սերմնաժայթքումներով և ձեռնաշարժությամբ:

Դեռահասի՝ կատարելությունից դեռևս հեռու սեռական համակարգը անտարբեր չէ այն բեռնվածությունների հանդեպ, որոնց ստիպված է լինում դիմանալ ձեռնաշարժությունների ժամանակ: Բեռնվածությունն էլ ավելի է մեծանում սեռական հարաբերության պահին: Կարևոր է թույլ չտալ, որ անչափահաս տարիքում երեխաներն ունենան հուզական խանգարումներ, հոգեկան ապրումներ, որոնք կարող են խոր հետք թողնել ողջ կյանքում: Դրանց առավել հաճախակի հանդիպող պատճառներն են ընկերուհու հղիանալը և դրա հետ կապված հիմնախնդիրները, վեներական հիվանդություններով վարակվելը կամ, թեկուզ, վարակվելու վախը և այլն:

Հայտնի են բազում ընտանեկան անախորժություններ, որոնք պայմանավորված են պատանեկան տարիքում հոգեկան խանգարումներով: Աղջիկների, կանանց հանդեպ ճիշտ վերաբերմունքի հիմքը պետք է դրվի դեռ մանկուց, պահպանվի ու ձևավորվի ողջ կյանքում: Տղամարդու դաստիարակվածության աստիճանը որոշվում է կնոջ հետ նրա վարվելաձևով: Կնոջ հանդեպ ճիշտ վերաբերմունք դաստիարակելու գործում ամենամեծ դերը խաղում է ծնողների օրինակը: Կնոջ հանդեպ հարգալից վերաբերմունքի մասին հոր բոլոր խոսքերն անմիջապես իմաստազրկվում են, եթե նա կոպտում է կնոջը:

Տղաների սեռական դաստիարակության ժամանակ չի կարելի մոռանալ նաև տղամարդու հեղինակությունը պաշտպանելու անհրաժեշտությունը: Խիստ անթույլատրելի է, որ կինը երեխաների ներկայությամբ քննադատի հոր գործողությունները՝ նսեմացնելով նրա տղամարդկային արժանապատվությունը: Ընտանիքում հոր օրինակը միշտ ազդում է երեխաների մտապատկերում տղամարդու՝ ամուսնու և հոր կերպարի ձևավորմանը: Որդին, դրանով պայմանավորված, յուրացնում է իր վարքագիծը: Դուստրն ի դեմս նրա տեսնում է ապագա ամուսնու հնարավոր իդեալի կամ երդվում է առհասարակ չամուսնանալ: Այսպիսով' երեխաների ընտանեկան ապագայի պատասխատուն, առաջին հերթին, ծնողներն են, ովքեր կոչված են ճիշտ և գրագետ սեռական դաստիարակություն տալուն:
Վերադառնալ Սեր և Սեքս

Կիսվեք ընկերների հետ
0